05/06/2020 22:19
«Էդ ամենագետ ե՞րբ դառան, ուզում եմ մի հատ հասկանամ». Գագիկ Ծառուկյանն՝ իշխանությանը (Տեսանյութ)
Ժողովորդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, ԲՀԿ խորհրդի հրատապ նիստի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ, արդյունք ցույց տված մարդիկ, կապ չունի կուսակցական պատկանելությունը կամ իրար հետ քայլելու խնդիր չկա, կա խնդիր, կա պրոբլեմ, կան խոստումներ, որ ժողովուրդն անհամբեր սպասում է դրանց իրականացմանը», - ասել է Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը նշել է, թե այս կազմով, այս կառուցվածքով իշխանությունը չի կարող խոստումներն իրականացնել։
«Եթե ուզում են իրականացնել, պետք է 97 տոկոսին փոխեն, բայց, տեսնելով այսօրվա ձախողումները, ասում եմ՝ ոչ թե 97, այլ՝ 100 տոկոսով պետք է փոխվի», - ասել է նա։
Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե բոլոր ոլորտները ձախողված են։
«Տնտեսական հեղափոխություն են հայտարարել, բայց տնտեսական հեղափոխություն անելու համար միայն խոսքերը չեն, այլ պետք է ծրագրեր լինի, ֆինանսավորում լինի, հնարավորություն տրվի, որ մարդիկ կարողանան ներդրումներ անել, բայց միայն խոսքերով տնտեսական հեղափոխություն չէր կարող լինել», - ասել է նա։
ԲՀԿ առաջնորդն ասել է, թե ներդրողն այն երկրում է անելու ներդրում, որտեղ կա քաղաքական կայունություն։
«Ոչ թե հայտարարեն՝ փռեմ, ծեփեմ պոլին, պատին, է՜, ո՞ր փողատեր մարդը կգա էդ երկրում ներդրում կանի», - ընդգծել է Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդն ասել է, թե իրենց նպատակն ամենևին իշխանության վրա «ցեխ շպրտելը չէ»։
«Միշտ պատրաստ ենք եղել քննարկելու, առաջարկելու, բայց իրենք ամենագետն են ու որևիցե անգամ չի եղել, որ համախմբվենք, քննարկենք, կարող է իրենցն է լավը, բայց իրենք են ամենագետները, էդ ամենագետ ե՞րբ դառան, ուզում եմ մի հատ հասկանամ, եթե իրական կյանքում ո՛չ փորձ կա, ո՛չ արդյունք կա, ո՛չ քարը քարին դրած կա», - հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։