05/06/2020 17:34
«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց
Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում-քննարկում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ։
Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց համավարակի շրջանում Մայր Աթոռի միաբանների և թեմերում սպասավորող եկեղեցականների գործունեությանը։ Առկա նեղությունների ու խռովահույզ վիճակի պայմաններում կարևորվեց առավել ջանքերի գործադրումը՝ ամրապնդելու հավատքը, հառնող դժվարությունները Աստծո օգնությամբ հաղթահարելու հույսը, լավատեսության ոգին և սերը հայրենիքի, ազգի ու մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ։
Դիմելով միաբաններին առաքյալի խոսքով, որն ասում է. «Հաստատուն մնացեք, անշարժ եղեք, ամեն ժամ ավելին եղեք Տիրոջ գործի մեջ» (Ա Կորնթ. 15.57-58)՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց եկեղեցականությանը հոգևոր խնամատարությամբ, առավել եռանդուն քարոզչական գործունեությամբ, աստվածային պատվիրանների և Սուրբ Գրոց ուսուցման մատուցմամբ, Քրիստոսի վարդապետության ջամբումով շարունակել իրենց սպասավորությունը՝ պայքար մղելով նաև ժողովրդի կյանքում տեղ գտնող անվայելուչ և մերժելի երևույթների դեմ։
Զրույցի ընթացքում քննարկվեցին համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը, մտահոգություն արտահայտվեց հայրենական, քաղաքական կյանքում ստեղծված անհամերաշխության, հակառակության մթնոլորտի առնչությամբ։
Վերջինիս կապակցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց․ «Սիրով, խաղաղությամբ, համբերատարությամբ, միմյանց հանդեպ բարի ու հոգատար վերաբերմունքով միայն մենք ի զորու կլինենք հզոր պահել մեր ազգային-եկեղեցական կյանքը, զորացնել մեր պետականությունը, առաջընթացի նոր ուղիներով առաջնորդել երկիր հայրենին։ Այս առումով Մենք ցավով ենք անդրադառնում հայրենական մեր կյանքում, ի մասնավորի նաև համացանցի տիրույթում հաստատված անցանկալի մթնոլորտին, որտեղ սփռվում են վիրավորանք ու թշնամանք, ոտնահարվում են արժեք ու սրբություն։ Սուրբ Գիրքն ասում է․
«Հակառակությունն ատելություն է գրգռում, բայց սերը ծածկում է ամեն մի ներհակություն» (Առակ. 10.12): Մենք՝ որպես հոգևոր հայրեր, պետք է ամուր պահենք մեր ժողովրդի զավակների մեջ գիտակցությունը, որ հայրենիքի զարգացման տեսլականի շուրջ տարբեր պատկերացումները չառաջնորդեն անհանդուրժողության ու բռնության արարքների, քաղաքական հայացքները և տարաձայնությունները պատճառ դառնան ազգային միասնության պառակտումի։ Հարկ է հաստատուն պահել բարեկրթության, պարկեշտության և փոխադարձ հարգանքի սահմանները, որովհետև արդարության, բարօրության հաստատումը հասարակության կյանքում չի կարող իրականացվել անպատշաճ արտահայտչաձևերով և թշնամանքի հրահրմամբ։ Ներկա իրավիճակը և երկրի առջև ծառացած մարտահրավերները չպետք է տեղիք տան առաքինի ընթացքի և դիմացինի հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության նահանջի, իրավունքների ու արժանապատվության ոտնահարման և տկարացնեն առ հայրենին սիրո ու նվիրումի ոգին։ Ամենքը պետք է ունկնդիր լինեն առաքյալի խրատին, որն ասում է. «Ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ` պարկեշտությամբ, ինչ որ` արդարությամբ, ինչ որ` սրբությամբ, ինչ որ` սիրով, ինչ որ` բարի համբավով, ինչ որ` առաքինությամբ, ինչ որ` գովությամբ, - ա՛յն խորհեցեք» (Փիլիպ. 4.8)։
Մեր կյանքի շատ խնդիրներ արժեքային դաշտում են և լուծելի են մեր սրբազան արժեքներին հավատարմությամբ, միաբան ու միասնական ընթացքով։ Դարերի ընթացքում այս ոգով ենք կարողացել դիմագրավել դժվարությունների ու նեղությունների, զորացնել մեր պետությունն ու ազգային կյանքը։ Միաբանությունն է մեր Հայկազյան ազգի ուժն ու զորությունը։ Այս ամենում մեծապես կարևում ենք մեր հոգևորականների առաքելությունն ու դերակատարությունը»։
Նորին Սրբությունը նաև խոսեց համավարակի պայմաններում եկեղեցականների առաքելության մասին։ «Սիրելինե՛ր, այսօր՝ համավարակի այս իրավիճակում, հրամայական է է՛լ ավելի կազմակերպել և ինքնակազմակերպվել։ Մայր Եկեղեցին իր հոգևոր դասով այս առումով կարևոր աշխատանք ունի անելու։ Շարունակաբար սատար կանգնելով հայրենի պետության ջանքերին` մենք պարտավոր ենք ուղղորդել մեր հավատավոր զավակներին ու կոչ անել, որպեսզի թե՛ եկեղեցիներ, թե՛ ուխտատեղիներ և այլուր այցելելիս խստորեն հետևեն պատկան կառույցների սահմանած կանոններին։
Պետք է բարձրացնենք յուրաքանչյուր անհատի՝ այլոց կյանքի անվտանգության համար պատասխանատվության գիտակցությունը։ Այսօր չունենք ավելի կարևոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքի ընթացքին։
Այս իմաստով մեր հոգևոր սպասավորները Սփյուռքի թեմերում նույնպես պետք է համապատասխան կոչերով ուղղորդեն և ապահովագրեն մեր զավակներին, որ նրանք խստագույնս հետևեն իրենց երկրների պատկան մարմինների առողջապահական հրահանգներին։ Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում», - ասաց Վեհափառ Հայրապետը։