05/06/2020 20:12
Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանն ու Արման Նավասարդյանը՝ Կաննի փառատոնին առաջադրված ֆիլմում. ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը
Aysor.am-ը երեկ արդեն տեղեկացրել էր, որ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should The Wind Fall) ֆիլմը ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում։
Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետության կողքին ապրող և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի՝ արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:
Ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասն արվել են Հայաստանում և Արցախում։
Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։ Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերություններ՝ հայկական «անԷվա պրոդաքշն»-ը (anEva production), ֆրանսիական «Սիսթր պրոդաքշն»-ը (Sister productions) և բելգիական «Կվասսա Ֆիլմս»-ը (Kwassa Films):
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
«Հայաստանում կինոյի պատասխանատուների և կինոարտադրողների շնորհիվ, համատեղ արտադրությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում է առաջ, արդեն երևում են կինոինդուստրիայի գրանցած առաջին հաղթական ու ապագայի խոստումնալից ծիլերը», - նշում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:
Կինոնկարի հաջողությունը մեծապես պայմանվորված է ֆիլմի ռեժիսորի և աշխատանքային թիմի երկար տարիներ շարունակական ու համառ աշխատանքով։
«Սա իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը կարող է հավակնել «Ոսկե տեսախցիկ» մրցանակին։ Այս տարի Թիերի Ֆրեմոն ընտրված ֆիլմերը չի բաժանել մրցութայինի և ոչ մրցութայինի․ դրանք ներկայացված են մեկ ընդհանուր ցուցակով։ Թեև ժյուրին չի աշխատելու, բայց Կաննի փառատոնի պատասխանատուներն աջակցելու են այդ ֆիլմերի ցուցադրություններին ամբողջ աշխարհում, կազմակերպելու են մամուլի ասուլիսներ և այլն։ Ինչ վերաբերում է «Եթե քամին հանդարտվի» ֆիլմին, ապա Թիերի Ֆրեմոն ասուլիսի ժամանակ ասել է, որ այն իրենց շատ է դուր եկել։ Այս պահին մենք ունենք դեռ ACid-ի ծրագիրը, որը մեկնարկելու է սեպտեմբերին։ Այն նախատեսում է լայնածավալ ցուցադրություններ, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ և այլ այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն կինոնկարի տարածմանն ու դիստրիբյուցիային», - Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ասել է Նորա Մարտիրոսյանը։
Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հայ և ֆրանսիացի դերասաններ՝ Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը և Գրեգոր Քոլինը։