05/06/2020 14:00
Անգամ եթե ազնվորեն ձգտում եք պայքարել համավարակի դեմ, անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը. Տարոն Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վարչապետի կողմից ֆեյսբուքյան էջում տարբեր լուսանկարներ հրապարակելուն:
Նա գրել է.
«Անգամ ամենակարևոր անվտանգության խնդիրներ լուծելիս չպետք է մոռանալ բարոյական նորմերի գոյության մասին,
անգամ եթե դուք ազնվորեն ձգտում եք պայքարել համավարակի դեմ, անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը և նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը,
անգամ եթե հեղինակություն ունեցող պետական պաշտոնյան կոչ է անում խախտել Սահմանադրությունը և մարդու իրավունքները, չի կարելի դա անել, որովհետև նա վաղը կարող է կոծկել իր արածը գեղեցիկ բառերով, բայց ձեր կատարած իրավախախտումը բացասական հետևանք է առաջացնելու նաև ձեր ու ամբողջ հասարակության համար,
անգամ եթե անձը օրենք և կարգ է խախտում, նրան վերադաստիարակելու համար չի կարելի անձամբ խախտել օրենքն ու կարգը։
Քաղաքացիներին, բոլորիս, մեկ հասարակությունում միասին պահողը բարոյականությունն է և իրավունքը՝ որպես այդ բարոյականության դրսևորում։
Այս մի քանի օրվա ընթացքում առանց անձանց համաձայնությամբ իրենց նկարների հրապարակումներով ամենաբարձր մակարդակով մարդու իրավունքներ խախտելը դեռ շատ արձագանք է տալու։
Հ.Գ. Հուսով եմ՝ համավարակի դեմ պայքարում ողջախոհությունը չենք կորցնի և կորդեգրենք իրավաչափ ու արդյունավետ մարտավարություն»։