05/06/2020 17:58
Կասեցվել է անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մայրաքաղաքում ու մարզերում այսօր կասեցվել է անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Որոշման հիմքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրություններն են, հայտնում են կառավարությունից։
24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաև 48 և 72 ժամով կասեցման որոշումներ այն դեպքերի համար, երբ խախտումները համակցված են և հանրային առողջապահական շահի տեսանկյունից՝ առավել ռիսկային։
Կասեցված տնտեսավարողների շարքում են լայնորեն հայտնի ու խոշոր սուպերմարկետների և դեղատնային ցանցերի մասնաճյուղեր, բանկեր, արտադրություններ, ստոմատոլոգիական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, որոնց մոտ արձանագրվել են մարդկային կուտակումներ, դիմակների չկրում կամ ոչ ճիշտ կրում, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման և այլ խնդիրներ։
ԱԱՏՄ ստուգայցերը նաև կրկնախախտման դեպքեր են արձանագրում․ երբ նույն խախտումները շարունակում են առկա լինել նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ։
Տեսչական մարմինը հիշեցնում է՝ նման դեպքերում կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։ Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով խստորեն դիտարկվում է անվտանգության նորմերի պահպանումը․ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։
«Թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում։