05/06/2020 11:30
Վարչապետը ներողություն է խնդրում «թթու խոսքերի» համար, բայց նշում՝ ակցիան շարունակվելու է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում իր հրապարակած լուսանկարներում մարդկանց հասցեին արված «թթու խոսքերի» համար։
«Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են:
Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով եւ վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք, մեր բարեկամները, հարազատները:
Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետեւ մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու եւ մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց:
Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որեւէ թթու խոսք է հնչել: Բայց՝ հանրային վերահսկողության ակցիան շարունակվելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք: Շնորհակալություն:
Պահպանեք հակահամաճարակային կանոնները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ այսօր վարչապետն իր էջում երիտասարդ աղջկա լուսանկար էր հրապարակել, ով դիմակ ու ձեռնոց չէր կրում։ Երիտասարդ աղջկա հասցեին անհարիր մեկնաբանություններ էին թողել, վարչապետին էլ քննադատել լուսանկարը տեղադրելու համար։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հեռացրեց լուսանկարը։