05/06/2020 16:45
«Երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր». Նիկոլ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով (Լուսանկարներ)
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ֆլեշմոբը. վարչապետն իր էջում լուսանկարներ, տեսանյութեր ու անանուն նամակներ է հրապարակում՝ ցույց տալով, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում։
Նիկոլ Փաշինյանն այսօր իր էջում հրապարակել է «Armenia Planet Tour» էջից մի լուսանկար, որտեղ մի խումբ մարդիկ են Նորավանքում: Վարչապետն այն մակագրել է այսպես՝ «Առանց մեկնաբանության»։
«Armenia Planet Tour»-ը արձագանքել է վարչապետին՝ հայտարարելով, որ «երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր»։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հակադարձում են վարչապետի թե՛ գրառումներին, թե՛ լուսանկարներին։ Մասնավորապես, վարչապետի «ընդհատակյա հարսանիքներ» մեկնաբանությամբ գրառմանն արձագանել էին «Վիլլա» ռեստորանային համալիրից՝ Նիկոլ Փաշինյանին հորդորելով չտարածել ապատեղեկատվություն։
Վարչապետին արձագանքել էր նաև Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը՝ հայտարարելով, որ Սաղմոսավանքում որևէ հարսանիք չի կատարվել, մինչդեռ, վարչապետը տարածել էր լուսանկար՝ մեկնաբանելով այսպես.
«Երջանկություն նորապսակներին. իսկ նրանց տատիկ-պապիկներին ի՞նչ: Լուսանկարն արվել է այսօր՝ Սաղմոսավանքում»: