07/06/2020 20:55
Իշխանական հարսանիք և փարթի արտակարգ դրության պայմաններում (Hraparak, 168.am)
Մինչ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբեր է անում և դպրոցների տնօրենների է հեռացնում՝ իրենց աշխատասենյակներում ատեստատներ տալու ժամանակ 5-10 շրջանավարտ ընդունելու համար, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր ամուսնացնում է որդուն և ողջ թաղամասը դղրդում է հարսանեկան երաժշտությունից, գրում է «Հրապարակը»։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է որոշել արտակարգ դրության պայմաններում հարսանիք անել։
«Նորապսակներն այսօր եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ այս պահին Բագրևանդի առանձնատանը խնջույքի ամենաթեժ պահն է, որն արձանագրել է տեսախցիկը։ Ներկա է 100-ից ավելի հյուր։ Դրսում մեծ թվով ավտոմեքենաներ են կանգնած, նաեւ ՊՆ-ի պետհամարանիշներով։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը եւ վարչապետի հրահանգները», - նշում է «Հրապարակը»։
Իսկ 168.am-ը գրում է, որ մինչ իշխանությունները ժողովրդին մեղադրում են պարետատան սահմանած կանոնները չպահպանելու մեջ, ռեյդեր են իրականացնում, վարչապետը իր էջում կիսվում է տարբեր տեսանյութերով և լուսանկարներով, պարզվում է, որ երեկ ուշ գիշերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը։
Այս իրավիճակում ի՞նչ պահանջել շարքային քաղաքացուց, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որը նաև պարետատան անդամ է, ինքն է խախտում պարետատան որոշումները՝ փակ տարածքում, ինչպիսին իր ակումբն է, մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ գիշերային ակումբին բնորոշ փարթի է կազմակերպում։