08/06/2020 18:47
Քաղաքական շրջանակները, որոնք շահագրգռված են կորոնավիրուսի տարածմամբ, համավարակի ավարտի հետ ավարտվելու են. Վարչապետ (Տեսանյութ)
Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են, ես հանգիստ եմ վերաբերվում դրանց, քննադատություններին էլ ուշադիր հետևում ենք, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննադատությունների համատեքստում քննում և վերաքննում ենք մեր գործողությունները։ Բայց կարող եմ արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված շատ հատկանշանական իրավիճակ է արձանագրվել, և Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի. մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ վարակը տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա։ Դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են։ Բայց ես ուզում եմ ասել, որ այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի համավարակի ավարտի հետ ավարտվելու են։ Այսինքն, նրանք ավարտված են, բայց էդքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են։
Նրանք, ովքեր լավ չեն հասկանում և հասկանալու հետ կապված օբյեկտիվ, բնածին պրոբլեմներ ունեն, մենք նրանց տեսանելի և հասկանալի կերպով կբացատրենք և էս անգամ, համոզված եղեք, նրանք ցկյանս կհասկանան և այլևս չեն փորձի քիթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չի։ Մենք բոլորս գիտենք, թե որն է նրանց արժանի տեղը և, համոզված եղեք, բոլորը կհայտնվեն իրենց արժանի տեղերում։ ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերը արժանանալու են գնահատականի և գնահատականի հեղինակներն արժանանալու են շատ կոնկրետ քաղաքական ճակատագրերի։ Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը, նրանք այնտեղ են դե ֆակտո և այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի շատ շուտով», - հայտարարեց վարչապետը։