08/06/2020 15:55
Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն է նշանակել 29-ամյա երիտասարդի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակել է Արգիշտի Քյարամյանին։ Որոշումն ուժի մեջ կմտնի, երբ նախագահը ստորագրի հրամանագիրը։
29-ամյա Քյարամյանը 2019թ. ապրիլի 10-ից աշխատում էր ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում, ղեկավարի տեղակալն էր, այնուհետև՝ Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցնելուց հետո, ապրիլի 25-ից նշանակվեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող:
2020թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվեց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա մեկ օր անց՝ մայիսի 5-ին, նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ:
Այսօր աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Նրա ազատման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, Մարտիրոսյանը չի համակերպվել Քյարամյանի նշանակման հետ ու դա էլ հանդիսացել է հրաժարականի պատճառը։