08/06/2020 16:32
Անհանգստացնող ոչինչ չեմ տեսնում․ վարչապետն առաջիկայում ասելիք կունենա․ Սուրեն Պապիկյանը՝ պաշտոնանկությունների մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր և նախորդ օրերին եղած պաշտոնանկությունները բնականոն պրոցես է համարում:
«Անհանգստացնող ոչինչ չեմ տեսնում, դա բնականոն պրոցես է», - խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պապիկյանը։
Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված պաշտոնանկությունները, Պապիկյանը պատասխանեց.
«Տվյալ փուլում մեր գործընկերների հետագա պաշտոնավարումը գուցե իրենց ցանկությամբ, գուցե վարչապետի որոշմամբ այլևս նպատակահարմար չի համարվել։ Հիմա ոչինչ նշել չեմ ուզում, վարչապետն առաջիկայում ասելիք կունենա, նաև կխոսի անելիքների մասին»։
Հարցին՝ քաղաքական թիմում քննարկումներ եղե՞լ են տվյալ պաշտոնյաների աշխատանքի վերաբերյալ դժգոհության մասով, նախարարը պատասխանեց.
«Ոչ, կոնկրետ դժգոհությունների մասին խոսել չեմ կարող»։