08/06/2020 13:35
Չկա դեպք, երբ 20 դրամով ՀՀ ներմուծված լինի դիմակ և 200 դրամով վաճառվի․ Գեղամ Գևորգյան
Դիմակի, ձեռնոցի և ալկոգելի շուկաներում ուսումնասիրություններրը շարունակվում են, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Դիմակների և ձեռնոցների շուկայում կան հարուցված վարույթներ։ Առաջին լսումը տեղի է ունեցել, մոտ ժամանակներս վարույթը կավարտվի, կտեղեկացնենք։ Վարույթը հարուցվել է որոշակի գնի բարձրացման մասով՝ գերիշխող դիրքի չարաշահման փաստի ուժով», - ասաց նա։
Գևորգյանի խոսքով՝ նշված վարույթը հարուցվել է դիմակների գների 220 դրամի արժեքի մասով։ Միևնույն ժամանակ Գևորգյանը նկատեց, որ չի գրանցվել դեպք, երբ հանրապետություն ներմուծվեն 20 դրամանոց դիմակներ ու վաճառվեն տասն անգամ ավելի գնով:
«Չկա դեպք, երբ 20 դրամով ՀՀ ներմուծված լինի դիմակ և 200 դրամով վաճառված լինի։ Հաշվի առնելով աշնանը դիմակների դիֆիցիտը՝ ՀՀ-ում մոտ տասն անգամ բարձր գնով է դիմակը ներմուծվել, ինչպես և ամբողջ աշխարհում։ Ընդ որում որոշակի քայլեր ձեռնարկեցինք, գինը որոշակի իջել է», - ասաց նա։