08/06/2020 17:45
Գերմանիայում ձերբակալել են ահաբեկչություն անելու մտադրության մասին հայտնած տղամարդուն
Գերմանիայի հյուսիսարևմտյան Ստորին Սաքսոնիա դաշնային նահանգից մի երիտասարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ հայտարարել է մահմեդականների դեմ ահաբեկչական գործողություն իրականացնելու մտադրության մասին, հայտնում է «Hannoversche Allgemeine» թերթը:
Հաղորդվում է, որ ուրբաթ Հիլդեսհայմ քաղաքից 21-ամյա մի տղա համացանցի զրուցասենյակներից մեկում հայտարարել է մահմեդականների վրա հարձակվելու մտադրության մասին: Ըստ դատախազների՝ զրույցի ընթացքում երիտասարդը հիշատակել է նաև Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքից հրաձիգին, որը մեղադրվում է անցյալ տարվա մարտին երկու մզկիթներում ահաբեկչություն կատարելու համար:
Երիտասարդին բերման են ենթարկել, նրա բնակարանում խուզարկության ընթացքում հայտնաբերվել են զենքեր: Բացի այդ, նրա համակարգչում հայտնաբերվել են արմատական պարունակություն ունեցող ֆայլեր:
Շաբաթ դատարանը երիտասարդի համար կալանքի որոշում է կայացրել: Նրա դեմ հետաքննությունը վարում է հակաահաբեկչական կենտրոնական գործակալությունը: