08/06/2020 14:17
Արտակ Դավթյանի որդու հարսանիքը երեկ դադարեցվել է. Ոստիկանությունն արձանագրություն է կազմել
Երեկ ոստիկանությունն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ տեղի էր ունենում նրա որդու հարսանիքը։
«Ոստիկանության ծառայողներն այցելել են, նախազգուշացրել ու համապատասխան արձանագրություն կազմել։ Միջոցառումը դադարեցվել է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության ու լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
Նշենք՝ մամուլում հրապարակումներ եղան, թե ոստիկանության հետ, վարչապետի հորդորով, Դավթյանի տուն է գնացել նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսնակը, սակայն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե լուրն իրականությանը չի համապատասխանում։
Դեպքին արձագանքել էր նաև Արտակ Դավթյանը։
Սկզբում ՀՀ ԶՈւ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի տարածած գրառումն այսպիսին էր.
«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:
Այնուհետև գրառումը փոփոխվեց. «Բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք»: