08/06/2020 14:27
Եթե իշխող քաղաքական ուժը պատասխանատվության ենթարկի ԳՇ պետին, ուրեմն գործ կունենանք ճիշտ վարքագծի հետ. իրավապաշտպան
Եթե իշխող քաղաքական ուժը պատասխանատվության ենթարկի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, ինչպես պատասխանատվության կենթարկեր ցանկացած քաղաքացու, ուրեմն գործ կունենանք ճիշտ վարքագծի հետ: Հակառակ դեպքում, քաղաքացիները կկարողանան իրենց իրավունք վերապահել հարգանքով չվերաբերվել պարետատան կանոններին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի՝ պարետատան ցուցումները չկատարելու և երեկ որդու հարսանիքը կազմակերպելու հանգամանքին:
«Ես այս հարցը չէի դիտարկի այլ համատեքստում, քան շարքային քաղաքացիների մասին: Այդուհանդերձ, մենք գործ չունենք իշխող քաղաքական թիմի ներկայացուցչի հետ, գործ ունենք զինվորականության ներկայացուցչի հետ: Կարծում եմ, որ ինչպես ԳՇ պետն է նշել, կա օրենքի առջև հավասարություն, և եթե խախտում կա, պետք է պատասխանատվության ենթարկել:
Չգիտեմ՝ այստեղ ինչ գործոններ են առկա եղել, և այս միջադեպն, իհարկե, ցանկալի չէ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդիրը չէր վերաբերում իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին, իրավիճակը պետք է դիտարկել պարզապես այն համատեքստում, թե ինչպիսի վարքագիծ կդրսևորի իշխող քաղաքական ուժը», - ասաց Ռուբեն Մելիքյանը:
Իրավապաշտպանը միաժամանակ նշեց՝ իշխանության լավագույն արձագանքը կլինի ԳՇ պետին պատասխանատվության ենթարկելը և այդ մասին հանրությանը տեղեկացնելը:
Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ ԳՇ պետը որդու հարսանիք նշել է Բագրևանդի՝ իրեն պատկանող առանձնատանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ խնջույքին մասնակցել է ավելի քան 100 հյուր, այդ թվում ՝ Պաշտպանության նախարարության պաշտոնյաներ։
Արդեն այսօր տարածած պարզաբանման մեջ բարձրաստիճան զինվորականը նշել է, որ օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ինքը որևէ խախտում է արել, կկրի դրանից բխող պատասխանատվությունը:
Նա միաժամանակ հորդորել է չմտնել իր և իր ընտանիքի անձնական տարածք: