08/06/2020 00:21
Դժոխքից դուրս գալու ճանապարհի՞ն. առողջապահական համակարգում մոտ 250 մահճակալ կավելանա
Լրատվամիջոցներում այսօր հրապարակված տեղեկություններից հետո, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մերժել է մի շարք բուժկենտրոնների առաջարկը և արգելել է ընդունել կորոնավիրուսով հիվանդների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ մոտակա օրերին առողջապահական համակարգում մոտ 250 մահճակալ կավելանա։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): Հիշեցնեմ նաև, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար», - գրել է Փաշինյանը։
Երեկ, հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո Փաշինյանն ասել էր, որ իսկապես հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով։
Նա նշել էր, որ հանրապետությունում շուրջ 200 կորոնավիրուսով վարակված հիվանդ կա, որ սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին։ «Մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում», - ասել էր վարչապետը։ Նա նշել էր, որ կա դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։
Հիշեցնենք՝ այսօր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին հայտարարել էր, որ մարտից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ Covid-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։
«Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժհաստատությունների։ Ո՞վ է սրա պատասախանը տալու», - Facebook-ի իր էջում գրել է Արծրունին։
Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ե Վահան Արծրունու հայտարարությունը «подножка» է համարել։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Facebook- իր էջում գրել է, որ հանդիպման ընթացքում փոխնախարարը ԵՊԲՀ ղեկավարության հետ քնարկել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։ Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով, նշել է Դանիելյանը։
Նաև առողջապահության նախարարը հայտնեց, որ Սպիտակի, Վեդու բժշկական կենտրոնները վաղվանից կվերապրոֆիլավորվեն և կծառայեն կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում կովիդ-բաժանմունք և Տավուշի մարզում կովիդ-կենտրոն ունենալու հարցերը։
168.am-ը գրել էր, որ Հայաստանի մարզային և Երևանում գործող որոշ բժշկական կենտրոններ դիմել էին ՀՀ առողջապահության նախարարություն՝ նշելով, որ իրենք ունեն Covid-19 վիրուսով վարակված հիվանդների ընդունելու ներուժ և պատրաստակամություն, մինչդեռ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մերժել է այդ առաջարկը և արգելել է այդ հիվանդանոցներին ընդունել կորոնավիրուսով հիվանդների։ Այդ հիվանդանոցների թվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, «Արամյանց» բժշկական կենրոնը, Վեդիի հիվանդանոցը։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախարար Թորոսյանը կորոնավիրուսի բուժման թույլտվություն է տվել միայն իր ընկերների ղեկավարած բուժկենտրոններին՝ այդ թվում՝ Նորքի ինֆեկցիոնին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին, Թորոսյանի հետ ջերմ հարաբերություններ հատատած «Աստղիկ» ԲԿ-ին: Իսկ պատճառն այն է, որ կորոնավիրուսի անվան տակ բուժկենտրոնների համար առանց մրցույթի միլիարդների գնումներ են արվում, որոնցից գոյացած ատկատները կիսվում են Թորոյանի ու նրա մերձավոր շրջապատի միջև, գրել էր 168.am-ը։