09/06/2020 16:14
Վահե Գրիգորյանը շարունակում է ՍԴ նիստերին չմասնակցել, բայց բոլոր ամիսների համար աշխատավարձ ստացել է. Ղազարյան
Այս տարվանից ՍԴ աշխատակազմն իրականացնում է նաև քաղաքացիական ծառայություն, այսինքն՝ դատական ծառայողները ստացել են քաղաքացիական ծառայողի կարգավիճակ: Սրանով պայմանավորված՝ ՍԴ-ն կունենա նոր կառուցվածք և նոր հաստիքացուցակ, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Մրցույթներ կհայտարարենք և կփորձենք բոլոր պաշտոնները համալրել», - նշեց նա:
Անդրադառնալով կորանավիրուսային իրավիճակով պայմանավորված ՍԴ հեռավար աշխատանքին՝ բանախոսը տեղեկացրեց, որ դրանից իրենց աշխատանքն ամենևին չի տուժել:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՍԴ աշխատանքներում որքանո՞վ է ներգրավված դատավոր Վահե Գրիգորյանը: Ի պատասխան՝ Ղազարյանը նկատեց, որ վերջինս իր պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր, որևէ նիստի չի մասնակցել:
«Բայց բոլոր ամիսների համար աշխատավարձ ստացել է: Ես իր հետ չեմ զրուցել, թե ինչու նիստերին չի ներկայանում, ես նման իրավասություն չունեմ: Սակայն շենքում նրան հաճախ եմ տեսնում, նաև՝ ծառայողական մեքենան, սակայն դատարանի ֆունկցիոնալ գործունեությանը Վահե Գրիգորյանը չի մասնակցում», - ասաց Էդգար Ղազարյանն՝ ավելացնելով, որ ելնելով ՍԴ աշխատանքներին չմասնակցելու հայտարարություններից՝ ՍԴ նախագահը Վահե Գրիգորյանին գործեր չի մակագրում: