09/06/2020 17:43
Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել. Արթուր Վանեցյանն՝ իր հնարավոր ձերբակալման մասին («Հրապարակ»)
Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն ինչ, ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել, այս մասին «Հրապարակ»-ին ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով իր հնարավոր ձերբակալմանը, ապա՝ կալանավորմանը։
«Ես այս պահին գրասենյակում եմ, ողջ օրվա ընթացքում եղել եմ այստեղ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել համախոհներիս ու գործընկերներիս հետ: Ինչ վերաբերում է ձեր նշած տեղեկություններին, պիտի ասեմ, որ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն ինչ, ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել, բայց վստահեցնում եմ, որ բացի «առևանգելուց», այն էլ՝ ժամանակավոր, ինձ մեկուսացնելու ոչ մի եղանակ չկա: Խոսքն օրինական եղանակների մասին է: Համոզված եղեք՝ իմ նկատմամբ օրենքով նախատեսված որևէ գործողության, հետապնդման առիթ, պատճառ և հիմք չկա», - ասել է Վանեցյանը։
Հարցին, թե ի՞նչ են քննարկում՝ քաղաքական բնույթի հարցե՞ր, թե՞ իրավական, «Հայրենիք» կուսակցության նախագահը պատասխանել է.
«Այս պահին մեր օրակարգում մեկ հարց է՝ կառավարումը տապալած իշխանության հեռացումը: Ես այդ մասին արդեն խոսել եմ, ու մեզ ոչինչ, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք հետ չի պահի այդ նպատակից: Այս օրերին իմ գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացրել գործընկերների հետ, մենք ունենք համատեղ գործողությունների պլան, որի մանրամասների շուրջ կխոսենք մեկ-երկու օրից»։