09/06/2020 10:17
«Հրապարակ». Իշխանության և ԲՀԿ-ի միջև փոխհրաձգությունները չեն դադարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո իշխանության և ԲՀԿ-ի միջև փոխհրաձգությունները չեն դադարում։ Ծառուկյանի հայտարարությունը հոգեխանգարմունքի է հասցրել իմքայլականներին։ Տեղեկացանք, որ Ծառուկյանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը և սպառնացել, որ քայլ անելու դեպքում ոչնչացնելու է բոլորին։ Բայց ԲՀԿ-ականները չեն ընկրկում, շարունակում են իշխանություններին հակահարվածներ հասցնել։
ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նախօրեին «մերկացրեց» մի «կոռուպցիոն գործարք»՝ հայտարարելով, որ Փաշինյանն իր թիկնապահի քրոջ անունով 3 միլիոն դոլարանոց տուն է գնել Կանադայում։ Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փաստերի վրա է հիմնված պնդումը։ Ասաց, որ փաստեր չունի, իր գրառումը Նիկոլ Փաշինյանի սիրած՝ «օդում կախված լուրերի» տրամաբանության մեջ է։ Իսկ մտահոգված չէ՞, որ դատի կտան կամ գործ կհարուցեն իր դեմ։ Ասաց՝ ոչ, և հիշեցրեց, որ տարբեր ժամանակներում տարբեր գործիչներ, «օդում կախված լուրերի» համաձայն հայտարարություններ էին անում։
Օրվա վերջում իմքայլական Արփի Դավոյանը Ծառուկյանի գրառումն ուղարկեց գլխավոր դատախազին՝ «խնդրելով պարզել նրա վկայակոչած փաստերի համապատասխանությունն իրականությանը և տալ իրավական գնահատական»»: