09/06/2020 09:50
«Ժողովուրդ». ըստ էության գործարք է առաջարկվել Գագիկ Խաչատրյանին. գումարը վերադարձրո՛ւ, քրեական հետապնդումից ազատվիր
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Մեր տեղեկություններով՝ այս գործով իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդիրների առջև: Բանն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով հստակեցված է, որ Գագիկ Խաչատրյանը պետությանը պատճառել է 7.5 մլրդ դրամի վնաս: Եվ ուշագրավ է, որ այս օրերին ֆինանսների նախկին նախարարին իրավապահ համակարգի ներկայացուցիչներն ասում են, որ նա պետք է բերի և այդ ամբողջ գումարը վերադարձնի պետությանը՝ ըստ էության գործարք առաջարկելով և ասելով՝ գումարը վերադարձրո՛ւ, քրեական հետապնդումից ազատվիր:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, գործարքին ի պատասխան, Գագիկ Խաչատրյանը հայտնել է, թե չի կարող 7.5 մլրդ դրամ վերադարձնել, այլ միայն 3.5 մլրդ դրամ, սակայն իրավապահ համակարգում չեն համաձայնել և ասել են՝ պետք է ամբողջը վերադարձնի: Սակայն Խաչատրյանն էլ հրաժարվել է՝ ասելով, թե այդ դեպքում ոչինչ էլ չի վերադարձնի, և հայտարարել է՝ թող ապացուցեն իր մեղավորությունը, հիմնավորեն, որ 7.5 մլրդ դրամի վնաս է հասցրել պետությանը: Հետաքրքիր է՝ ինչպես կավարտվի Խաչատրյաններ-ԱԱԾ մենամարտը»: