09/06/2020 17:47
Չինաստանում արձագանքել են պնդումներին, թե COVID-19-ը տարածվել էր դեռ անցյալ ամռանը
Չինասրանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը մեկնաբանել է ամերիկացի գիտնականների ենթադրությունները, որոնց համաձայն՝ կորոնավիրուսային վարակը կարող էր տարածվել 2019-ի ամռանը:
«Ինձ թվում է, որ ենթադրություններին, որոնք հիմնված են մեքենաների հոսքի վրա, ցանկացած մեծահասակ մարդու համար դժվար է հավատալ... Ինձ թվում է, որ հետազոտության այս մեթոդը շատ անլուրջ է», - մեջբերում է դիվանագետի խոսքերը РИА Новости-ն:
ABC News-ի փոխանցմամբ՝ մի խումբ գիտնականներ՝ Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջոն Բրյունշտեյնի ղեկավարությամբ, երկու տարի շարունակ արբանյակներից ստացված լուսանկարներով հետևել են Ուհանի հիվանդանոցներում մեքենաների կայանատեղերի ծանրաբեռնվածության դինամիկային:
Ինչպես պարզվել է, հիվանդանոցային կայանատեղիներում մեքենաների քանակը սկսել է կտրուկ աճել 2019-ի օգոստոսից, իսկ աշնանը ծանրաբեռնվածությունը մեծացել է:
Բացի այդ, նրանք ուսումնասիրել են չինական որոնման «Baidu» համակարգի օգտատերերի հարցումները և պարզել, որ այդ ժամանակ մարդիկ սկսել են ավելի հաճախ փնտրել տեղեկատվություն հազի և լուծի մասին:
Հետազոտողները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող էր տարածվել մի քանի ամիս շուտ, քան պաշտոնապես հայտարարվել է:
Միևնույն ժամանակ, նրանք ընդունում են, որ անհնար է հուսալիորեն կապել երթևեկության աճը COVID-19 համաճարակի հետ: