09/06/2020 11:21
Ատելության խոսքը շատ մեծ ծավալների է հասնում․ մարդիկ, խմբերի բաժանված, իրար հայհոյում են․ ՄԻՊ
Տպավորություն է, որ մարդիկ մրցում են՝ ով, ում ավելի շատ կհայհոյի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանն՝ անդրադառնալով ատելության խոսքի առկայությանը։
«Այսօր, ցավոք սրտի, շատ մեծ ծավալների է հասնում ատելության խոսքը, վիրավորանքը, իրար նսեմացնելը։ Դա շատ մտահոգիչ երևույթ է։ Անկախ նրանից պաշտոնատար անձ է, թե ոչ՝ պետք է դադարեցնենք իրար վիրավորելը, հայհոյելը, առավելևս, որ հանրային պաշտոնյաների դեպքում դա առավել բարձր պատասխանատվություն է», - ասաց Թաթոյանը։
Նա ընդգծեց, որ համացանցում առողջ քննարկումներ չեն հանդիպում․ «Տպավորություն է, որ մարդիկ, խմբերի բաժանված, իրար հայհոյում են, մրցում են՝ ով, ում ավելի շատ կհայհոյի»։
ՄԻՊ-ը նաև ընդգծեց, որ վտանգ է տեսնում առ այն, որ նման պահվածքը տեղափոխվում է իրական կյանք.
«Նման դեպքեր արդեն կան»: