09/06/2020 18:55
«Պարոն Ծառուկյանը քեզ մեքենա է տվել, պարոն Փաշինյանը՝ տուն». ՀՀ-ում կորոնավիրուսն առաջինը հաղթահարած քաղաքացին՝ Covid 19-ի հետքերի մասին
COVID 19-ը Հայաստանում պաշտոնապես առաջինը հաղթահարել է Իրանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի Վարանդ Պետրոսյանը: Հիվանդության մասին բարձրաձայնվեց մարտի 1-ին. հոժար կամքով էր դիմել համապատասխան մարմիններին, թեստ էր հանձնել ու հաստատվել էր՝ պատասխանը դրական է:
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու շաբաթ բուժում ստանալուց հետո մարտի երկրորդ կեսին Վարանդ Պետրոսյանը դուրս էր գրվել: Aysor.am-ը նրա հետ զրուցել է կորոնասվիրուսի՝ օրգանիզմի վրա թողած հնարավոր հետևանքների, հետբուժական ընթացքի մասին:
- Ձեր բուժումից արդեն 2 ամսից ավելի է անցել, ինչպե՞ս եք Ձեզ զգում, կա՞ն գանգատներ:
- Ինձ շատ լավ եմ զգում: Ասեմ, որ հիվանդ ժամանակ էլ շատ չեմ նեղվել, հիմա էլ վիճակս լավ է: Չեմ կարող ասել, որ մոտս այս կամ այն խնդիրն է առաջացել: Հիվանդանոցից դուրս գրվելուց ինձ խորհուրդ տվեցին զգույշ լինեմ, որոշ ժամանակով շփումներս սահմանափակեմ: Դուրս գրվելուց հետո երկու շաբաթ էլ տանն եմ ինքնամեկուսացել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր իսկապես մեծ աշխատանք են տանում հիվանդանոցում:
- Ձեր կնոջ մոտ էլ պատասխանը դրական էր, նա՞ էլ է հիմա իրեն լավ զգում:
- Այո, նա 26 օր մնաց հիվանդանոցում: Ինձ հոսպիտացնելուն զուգահեռ իրեն մեկուսացրել էին՝ որպես կոնտակտավոր, սկզբում իր թեստի պատասխանները բացասական էին գալիս: Սակայն այն օրը, երբ իմ թեստը բացասական եկավ ու ես դուրս գրվեցի հիվանդանոցից, իրենը դրական էր ու մեկուսացումից անցավ արդեն բուժման փուլ:
- Դուք մեկ շաբաթվա բացակայությունից հետո Հայաստան վերադարձաք ու ժամեր անց կորոնավիրուսի կասկածով բժիշկներին դիմեցիք: Ի՞նչ սիմպտոմներ էին Ձեզ անհանգստացնում:
- Այո, Իրանից Հայաստան եմ վերադարձել փետրվաի 28-ին, վայրէջքս երեկոյան 21:30, 22:00-ին էր, ժամը հստակ չեմ հիշում: Գիշերն ինձ լավ չէի զգում, մարմնի ցավ ունեի, մի քիչ թույլ էի: Մտածեցի՝ հանկարծ վարակված չլինե՞մ ու որոշեցի զանգել շտապօգնություն: Եկան, ջերմությունս չափեցին՝ 37,4: Իրենց հետ գնացի, թեստ հանձնեցի, դրական պատասխան եկավ:
- Նորքի ինֆեկցիոնում անցկացրած երկու շաբաթների ընթացքում հատուկ բուժում կիրառվե՞լ է, թե՞ պարզապես բժիշկների հսկողության տակ էիք: Նաև կոկորդի ցավ, համի և հոտի զգացողության կորուստ՝ այս ամենը Ձեզ մո՞տ էլ էր առկա:
- Որևէ հատուկ բուժում չի կիրառվել, դեղեր չեմ խմել, ներարկումներ չեն եղել: Հիվանդանոցում ենք մնացել, որպեսզի վիրուսը չտարածենք: Ինչ վերաբերում է հիվանդությանն ուղեկցող նշաններին՝ կոկորդի ցավ չեմ ունեցել, բայց համի ու հոտի կորուստ եղել է: Հիմա ամեն ինչ վերականգնվել է:
- Շատերն ասում են, որ COVID 19-ը կայուն վիրուս չէ, մեկանգամյա վիրուս է ու երկրորդ անգամ չի կրկնվի, սակայն, այնուամենայնիվ, դա ապացուցված փաստ չէ: Դուք կրկնակի վարակվելու մտավախություն ունե՞ք, թե՞ վստահ եք, որ այևս չեք կարող դառնալ այդ հիվանդության թիրախը:
- Ասում են՝ քիչ մարդիկ կան, որ երկրորդ անգամ վարակվում են, դա էլ երևի բախտի բան է, չգիտեմ: Ամեն դեպքում, ես զգույշ եմ, բոլոր կանոններին շարունակում եմ հետևել, շփումներս սահմանափակ են… Բնականաբար, մտավախություն միշտ կա: Նույնիսկ հիմա, երբ պահի տակ հազում եմ, կնոջս ասում եմ՝ կարո՞ղ է նորից… Էլ չասեմ, որ ամեն անգամ սովորական գրիպով հիվանդանալիս նման մտավախություն կլինի: Այդ մտավախությունն արդեն մեր մեջ է մտել, բայց ոչ այնքան, որ լարված պահի ու շատ նեղացնի: Ինչպես ասում են՝ կորոնավիրուսից հետո կյանք կա, ու պիտի ապրենք:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մտադիր է Ձեզ պարգևատրել ցուցաբերած վարքի համար, քանի որ Ձեր բարձր գիտակցությամբ՝ թույլ չէիք տվել վարակը մեկ այլ մարդու փոխանցվեր: Ձեզ հետ կապ հաստատե՞լ են, որևէ պարգևատրման արժանացե՞լ եք:
- (Ժպտում է, հեղ.) Ճիշտն ասած՝ դեռևս ոչ, բայց հենց միայն խոսքերի ու գնահատականի համար շատ շնորհակալ եմ:
- Մարզերից մեկում համագյուղացիներից ոմանք կոտրել էին կորոնավիրուսով հիվանդացած ու հիվանդանոց տեղափոխված ընտանիքի տան դարպասները, գրառումներ էին արել պատերին: Հետաքրքիր է՝ հոգեբանորեն ինչպե՞ս է Ձեզ վրա ազդել կորոնավիրուսը, որքանո՞վ են փոխվել հարաբերությունները, կյանքը: Նման խնդիրների բախվեցի՞ք:
- Կյանքը փոխվել է այնքանով, որ կնոջս աշխատանքից հեռացրել են հենց այն օրը, երբ իմացան, որ ինձ մոտ կորոնավիրուս է հաստատվել (այս մասին մանրամասն կարդացեք այստեղ, հեղ.): Ես մեծամասամբ տանն եմ լինում, շփում չեմ ունենում: Երբ նոր էի դուրս գրվել հիվանդանոցից, «Շանթ» հեռուստաընկերությանը հյուրընկալվեցի: Դրանից հետո ոմանք դրսում ինձ ճանաչում էին, մոտենում ու որպիսությունս էին հարցնում: Ամենածիծաղելին այն էր, որ ասում էին՝ «շնորհավոր, պարոն Ծառուկյանը քեզ մեքենա է տվել, պարոն Փաշինյանը՝ տուն» (ծիծաղում է, հեղ.):