09/06/2020 11:13
Պիտի հարուցվի քրեական վարույթ՝ պարզելու, թե ով է մեղավոր բժշկական օգնության ուշացման պատճառով երեք քաղաքացու մահվան համար․ Զոհրաբյան
Կորոնավիրուսի հետևանքով մահացած երեք քաղաքացիների մահվան փաստով քրական վարույթ պիտի՞ հարուցվի մեղավորներին պարզելու համար, թե՞ ոչ, ԱԺ-ում ՄԻՊ-ից հետաքրքվեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ երեք մարդ մահացել է, որովհետև նրանց հնարավոր չի եղել ժամանակին բուժօգնություն ցուցաբերել:
Ի պատասխան ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքեց, որ քրեական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ է հասկանալ կոնկրետ գործի հանգամանքների պատճառը, հստակեցնել պաշտոնական անձի մեղքով է դա եղել, թե ոչ։
«Չեք կարծում, որ ձեր նշած հարցերը պարզաբանելու համար՝ ո՞վ է մեղավոր կամ մեղավորներ եղել են, թե՞ ոչ, պիտի հարուցվի քրեական վարույթ», - արձագանքեց Զոհրաբյանը։
Թաթոյանն էլ նկատեց․
«ՄԻՊ-ը պաշտոնատար անձ է, որը ունի կոնկրետ լիազորություններ, չի կարող գնահատականներ հնչեցնել մեղավոր լինել չլինելու հարցում, այդ իսկ պատճառով հատուկ ընթացակարգով այդ հարցը ենթակա է պարզման»։
Իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ կոչ արեց ընդդիմադիր գործընկերոջը խոսել վարչապետի հայտարարության ամբողջական տեքստի մասին։ Մասնավորապես, պատգամավորն ասաց, որ հայտարարության մեջ վարչապետն ընդգծել է, որ բացի բուժօգնության ուշացումից՝ այդ մարդկանց հարազատները ուշացումով են դիմել բուժօգնության համար։