09/06/2020 17:16
Ամեն տասներորդ տնտեսավարողի վերաբերյալ կասեցման միջնորդություն է ուղարկվում
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են․ դրանք այսօր ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Էջմիածնում։ Հանրային առողջապահական տեսանկյունից լրջագույն նշանակության կանոնների պահպանումը դիտարկվել է բջջային օպերատորների սպասարկման գրասենյակներում, դեղատներում, ատամնաբուժարաններում, առևտրի մեծ ու փոքր կենտրոնններում և այլն։ Անակնկալ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներին հաջորդում են ՀՀ պարետի կասեցման որոշումները։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատև կասեցումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Եթե շուրջ մեկ ամիս առաջ արձանագրված խախտումների հիմքով պարետի կասեցմանն էր ուղարկվում մոտավորապես ամեն երրորդ տնտեսավարողի մոտ կազմված արձանագրությունը, ապա հիմա մոտավորապես ամեն տասներորդ տնտեսավարողի վերաբերյալ է կասեցման միջնորդություն ուղարկվում։ Մայրաքաղաքում արձանագրված այս պատկերին մոտ է նաև մարզերում դիտարկվող իրավիճակը։
Միաժամանակ, հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ կուտակումները, հերթերի թերի կառավարումը, ախտահանման և ջերմաչափման խնդիրները։
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձևեր։ Մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։