10/06/2020 17:10
Լիտվան բժիշկների թիմ է գործուղում Հայաստան
Լիտվայի կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ Հայաստան գործուղելու կարևոր որոշումը։
«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքարը համաճարակի դեմ։ Լիտվան շարունակում է կանգնել մեր հայ գործընկերների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների թիմ և փորձագետներ ուղարկել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով», - գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը։
Գրառումը նա ավարտել է հայերեն մեկ նախադասությամբ. «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»։
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը՝ գրելով, որ այդ որոշումը խիստ կարևոր էր և ժամանակին։