10/06/2020 09:45
«Հրապարակ». Քննարկվում է ԱԺ-ում վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնելու ուղի
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը պատրաստ է այս անգամ մինչև վերջ գնալ։ Նա երեկ «կանյաչնիում» կուսակիցների հետ հանդիպմանը նրանց «դուխ» է տվել, որ ոչ մի բանից չվախենան- չնահանջեն։ Հավաքն ավելի շատ կազմակերպչական բնույթ է կրել, պատգամավորները Ծառուկյանին զեկուցել են բոլոր այն ուժերի և անհատների մասին, ովքեր ԲՀԿ առաջնորդի համախմբման կոչին արձագանքելով՝ կհամախմբվեն իրենց շուրջ։ Շա՞տ է նրանց թիվը. «բավականին»՝ ասաց մեր աղբյուրը։ Առաջիկայում կքննարկեն, թե ինչ ֆորմատով են սկսում հանդիպումներն ու քննարկումները, հետո կորոշեն միասնական օրակարգը։
ԲՀԿ-ի պահանջն իշխանափոխությունն է, քննարկվում են ԱԺ-ում վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնելու ուղիները։ Ծառուկյանի առաջին ելույթից հետո իշխանությունը համատարած հակահարձակման անցավ, հիշեցին նրա անցյալը, մականունը։ Ծառուկյանը, անդրադառնալով այդ պահվածքին, ասել է, որ դա իրենց օգնում է, պատռվում է իշխանությունների դիմակը։ Նկատել է, որ այդ մեթոդի սխալ լինելն իշխանությունն էլ է հասկացել. առաջին օրերին շանտաժ ու սպառնալիք էին հնչեցնում, հիմա գզրոցի նյութերն են հանում։ Ասել է նաև, որ չի վախենում հարկային տեռորից ու ձերբակալությունից։ Բայց, մեր տեղեկություններով, Փաշինյանը հրահանգել է ոչ թե Ծառուկյանի, այլ նրա որդու՝ Նվերի ուղղությամբ աշխատել»: