10/06/2020 19:47
Ռուսական թատրոնն առաջնախաղեր է պատրաստում բացօթյա բեմի համար. մանրամասնում է թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը
Շուրջ 3 ամիս է, ինչ կորոնավիրուսով պայմանավորված՝ թատերական օջախների դռներից ներս աշխուժությունը մեղմացել է: Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ արտիստներն իրենց թատերական գործունեությունը դադարեցրել են: Պարզապես COVID 19-ը մշակութային նոր կենսաձև է թելադրել՝ ներկայացումները բեմադրվում են, բայց առցանց, փորձերը տեղի են ունենում, բայց փոքրաթիվ խմբերով:
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն Aysor.am-ի հետ զրույցում չթաքցրեց՝ թատրոնները բավական բարդ փուլ են հաղթահարում:
«Ռուսական թատրոնը պարտադրված պարապուրդից չվախեցավ. պարետատան սահմանած բոլոր կանոնները պահպանելով՝ հատուկ առցանց տիրույթի համար Ֆ. Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» պիեսի հիման վրա տեսաներկայացում պատրաստեցինք: Իսկ երբ թույլատրվեցին բացօթյա տարածքներում փորձերն՝ անցանք նոր ներկայացումների աշխատանքներին: Գիտեք, մեր թատրոնի բախտը բերել է, քանի որ շենքի ներսում փոքրիկ բակ ունենք ու կարողանում ենք անվտանգության կանոնները պահպանելով՝ փորձեր անել: Թեև ասեմ, որ վերջին 10 օրերին դադարեցրել էինք, քանի որ Հայաստանում վարակակիրների թվերն օր-օրի ավելանում էին», - նշեց մեր զրուցակիցը:
Ամիսներ առաջ Ռուսական թատրոն հրավիրվեց երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանն, ով դեռևս մինչև արտակարգ դրության սահմանումը՝ սկսել էր լեհ ժամանակակից գրողներից մեկի «Гардения» ստեղծագործության բեմականացումը: Ներկայացման մեջ ընդգրկված են 2 ճանաչված (ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանն ու Ելենա Վարդանյանը) և 2 նորավարտ դերասանուհիներ (Աննա Մանուչարյանը և Հայարփի Զուռնաչյանը):
«Հավանաբար, Գոռն ինչ-որ բան կանխազգում էր, քանի որ ներկայացումն այնպես է պատրաստում, որ հնարավոր է խաղալ երկու տարբերակով՝ մեկը դասական մեծ բեմում, մյուսը՝ բացօթյա փոքրիկ բակում: Բեմադրությունը լիովին պատրաստ կլինի 10-15 օրից», - նկատեց տնօրենը:
Նոր բեմադրությունների վրա են աշխատում նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը, դերասան, ռեժիսոր Մանվել Խաչատրյանն ու դերասանուհի Իրինա Հարությունյանը:
Ի դեպ, Ստանիսլավսկու թատրոնի բակը կօգտագործվի ոչ միայն փորձերի համար, այլև՝ բուն ներկայացումների: Ու հենց թույլատրվի թատրոնի դռները բացել 20-30 հոգու առջև, ռուսական թատրոնը վերոնշյալ առաջնախաղերով կդիմավորի իր հանդիսատեսին:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ վնասներ հասցրեց COVID 19-ը թատրոնին, տնօրենն ասաց՝ առաջին հերթին հոգեբանական վնասն էր, թեև՝ ֆինանսականն էլ փոքր չէր:
«Չնայած պետությունն առայժմ տալիս է մեր աշխատավարձներն ու այդ առումով ամեն ինչ նորմալ է, բայց չմոռանանք, որ ներկայացումները ստեղծվում են արտաբյուջետային ֆինանսավորումներից, տոմսերի վաճաքից ստացված գումարներով, ու արդեն 3-4 ամիս է՝ դա չկա: Բայց առավել բարդ է այս շրջանը հոգեբանորեն հաղթահարելը. հիմա, երբ մեր կողքին ինչ-որ մեկը փռշտում կամ հազում է, սարսափով նայում ենք այդ մարդուն: Երևի, երբ նույնիսկ թույլատրվի, հանդիսատեսի համար էլ դժվար կլինի միանգամից վերադառնալ փակ դահլիճներ: Ինձ թվում է՝ այս ամենից բոլորս մի քիչ փոփոխված ենք դուրս գալու, մտնելու ենք նոր աշխարհի ու նոր կյանքի մի նոր փուլ. մշակութային ու կրթական առումով զարգացավ օնլայն տիրույթը, բայց նոր վախեր առաջացան, ու սկսեցինք զգալ և հասկանալ, թե որքան կարևոր է մարդկային, անմիջական շփումը, հոգևոր շփումը: Նույնիսկ ձեռքով բարևելն ու միմյանց ջերմ գրկելը… Այսուհետ այս ամենն էլ ավելի շատ պիտի գնահատենք, արժևորենք ու պահպանենք», - եզրափակեց Մարիաննա Մխիթարյանը:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի անձնակազմին հաջողվել է խուսափել վարակից: Մինչ այսօր այնտեղ որևէ մեկը COVID 19-ով չի վարակվել: