11/06/2020 15:06
Արտգործնախարարը ԵՄ երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման խոչընդոտներ չի տեսնում
Եվրոպական Միության անդամ երկրների՝ Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի կողմից քաղաքական որևէ խոչընդոտ չկա՝ կապված Հայաստանի հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մնում է Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների իրավական հիմքը: Այն նաև ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների օրակարգը խթանելու կարևոր գործիք է: Մենք այսօրվա դրությամբ չափազանց մոտ ենք վավերացման գործընթացի ավարտին: Սպասում ենք երեք երկրների՝ Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի կողմից այդ գործընթացի ավարտին: Որևէ քաղաքական հարց կամ խոչընդոտ չունենք այս վավերացման գործընթացի ավարտի համար, սա խիստ ընթացակարգային հարց է», - նշեց արտաքին գերատեսչության ղեկավարը:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց՝ նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ավստրիան և Իտալիան ավարտին են մոտեցրել և ավարտել համաձայնագրի վավերացման գործընթացը: