11/06/2020 00:01
Հայաստանի անվտանգությունը վտանգված է. Արթուր Վանեցյան
Հայաստանի անվտանգությունը վտանգված է, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եթե մենք նայում ենք մեր հարաբերությունները մեր հիմնական դաշնակից երկրների հետ, տեսնում ենք, որ ունենք լուրջ խնդիրներ: Այդ խնդիրներն ակնհայտ են: Ինչո՞ւ են առաջացել այս խնդիրները. որովհետև այս իշխանությունը չի կարողանում նորմալ հարաբերություններ ձևավորել մեր դաշնակից երկրների հետ», - ասաց նա։
Վանեցյանի խոսքով, Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկեր պետությունն է, դա այն պետությունն է, որի հետ մենք մասնակցում ենք երկու կառույցների՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին:
«Ռուսաստանի հետ մենք այսօր ունենք, եթե մեղմ ասենք, ոչ լավ հարաբերություններ: Ինչո՞ւ է այդպես եղել. շատ-շատերը խոսում են, որ մենք պետք է լինենք ինքնիշխան, պետք է մեր ասելիքն ասենք, բայց արդյոք այսօրվա իշխանությունները ինքնիշխան են և փորձում են իրենց օրակարգը բերել՝ այս հաստատություններում իրենց գործունեությունը ծավալելու: Նման հարմարվողական իշխանություններ Հայաստանը երբեք չի ունեցել», - ասաց Արթուր Վանեցյանը: