11/06/2020 16:46
Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է. նրա զինանոցում մնացել է մեկ զենք, որը կոչվում է սուտ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է Aysor.am-ի հարցերին։
- Պարոն Վանեցյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իրեն քննադատողներին անվանեց «բացիլ» ու հայտարարեց, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիուս է տարածվում, այլև՝ քաղաքական, որը կբերի քաղաքական իմաստով մահվան։ Ինչպե՞ս եք մեկնաբանում սա՝ որպես Նիկոլ Փաշինյանի ամենաակտիվ քննադատ։
- Ես չեմ իջնի նրա մակարդակին ու չեմ օգտագործի այդ բառապաշարը, ես կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է, որովհետև հասկանում է՝ կորցրել է իր հիմնական զենքը, իսկ եթե քաղաքական լեզվով խոսենք՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական զինանոցում մնացել է մեկ զենք, որը կոչվում է սուտ, բացի ստից՝ նա ուրիշ հենարան այսօր չունի։ Նա ակտիվ օգտագործում է սուտն ու փորձում մոլորեցնել ժողովրդին։
- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ աշխատանքից ազատվեց ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Հնարավո՞ր է սատանայի հետ որոշ շրջանակների կապը չգտնելն էր հեռանալու պատճառը։
- Ես չունեմ հստակ տեղեկություններ, թե ինչու ազատվեց Էդուարդ Մարտիրոսյանը, բայց կարող եմ ասել, որ սատանայի հետևից որս կազմակերպվել է միջնադարյան Եվրոպայում՝ ինկվիզիցիայի ժամանակ, այն ժամանակ էլ սատանա չէին փնտրում, այլ փնտրում էին մարդկանց, որոնք, իբր թե, դավանում էին սատանաներին։ Դա ուղղակի զազրելի է, այն, ինչ կատարվում է այսօր ԱԱԾ-ի շուրջ, ուղիղ սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։ Ես շարունակում եմ պնդել, որ ԱԱԾ-ն պետության անվտանգության հիմնասյուներից է ու նրան կպնելը կարող ենք ուղղակի հավասարեցնել պետական դավաճանության։
- Պարոն Վանեցյան, դուք հանդիպել եք ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, հանդիպել եք նաև Դաշնակցության հետ։ Հանդիպում նախատեսվո՞ւմ է, օրինակ, ՀՀԿ-ի հետ։
- Ես ասել եմ, որ քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի, այս պահին «Հանրապետական» կուսակցության հետ հանդիպում չունեմ, բայց կարող եմ ասել, որ ՀՀԿ անդամներից շատերին ճանաչում եմ, նրանց մասին ունեմ շատ դրական կարծիք ու նրանք իրենց աշխատանքով ապացուցել են, որ պրոֆեսիոնալներ են ու նվիրված են պետությանը, բայց դա չի վերաբերում բոլոր ՀՀԿ-ականներին, ինչպես նաև չի վերաբերում բոլոր մնացած կուսակցականներին։ Ցանկացած կուսակցությունում կան պրոֆեսիոնալ ու ազնիվ մարդիկ և ցանկացած կուսակցությունում կան մարդիկ, որոնք անազնիվ են ու ըստ արժանվույն պետք է գնահատվեն։
- Ձեր երկրորդ գրասենյակը Հրազդանում է, գիտենք, որ այստեղ ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մեծ ազդեցություն ունի։ Ինչո՞ւ Հրազդանում, ինչ եք կարծում՝ կհաջողե՞ք այստեղ։
- Հրազդանում բացվեց մեր երկրորդ տարածքային կառույցը, առաջիկա շաբաթներում մյուս մարզերում ևս բացվելու են մեր գրասենյակները։ Սա քաղաքական պրոցես է, կուսակցաշինության գործընթաց է, որը իրենից ենթադրում է տարածքային գրասենյակների հիմնում ՀՀ բոլոր մարզերում։ Ես համոզված եմ՝ «Հայրենիք» կուսակցությունը հաջողելու է թե՛ Հարզդանում, թե՛ մնացած բոլոր անկյուններում։