11/06/2020 09:57
«Հրապարակ». Մահվան փաստերով պետք է քրգործեր հարուցվեն. Կոստանյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի ցանկացած մահվան դեպքում պետք է հետաքննություն իրականացվի՝ դա է պահանջում եվրոպական կոնվենցիան։ Նաև պետք է այդ մահվան դիմաց փոխհատուցում տրվի։ Այս մասին երեկ իր հրապարակման մեջ ասել էր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը հայաստանյան այս սոդոմ-գոմորի պայմաններում՝ հարցրինք նրան.
«Ես դա պնդում եմ։ Եվրոպական դատարանի նախադեպերով՝ յուրաքանչյուր մահվան փաստի կապակցությամբ պետք է նյութեր նախապատրաստվեին, ինչը չի արվել։ Ի դեպ, շատերը կորոնավիրուսի մահերը համեմատում են պատերազմական ժամանակաշրջանի մահերի հետ, որի ժամանակ քրեական վարույթներ չեն հարուցվում, սակայն արտակարգ ռեժիմի ժամանակ այլ սկզբունքներ են գործում, և քրեական նյութերի հարուցումն անհրաժեշտություն է»:
Իսկ գուցե գրեթե չկա՞ն մահեր, որոնք «մաքուր» կորոնավիրուսի հետևանք են։ «Կորոնավիրուսից է տեղի ունեցել մահը, թե այլ հիվանդությունից, դրանք բժշկական հանգամանքներ են, բայց դրանք պետք է ունենան իրենց իրավական հիմնավորումները, անգամ ամենասովորական մահվան դեպքում»:
Այդ ամենը չի արվել, ո՞վ է անելու` ապագա իշխանությո՞ւնը՝ ե՞րբ։ «Չի կարող նման բան լինել. անհնար է՝ կլինի դա 6 ամիս, 1 տարի հետո, անպայման մահվան բոլոր փաստերին պետք է տրվեն իրավական գնահատականներ, որովհետև դրան հաջորդում է նաև նյութական փոխհատուցման խնդիրը… այստեղ խնդիրը պետությունն է. պետությունը պետք է կատարի իր պարտականությունը, մանավանդ՝ եթե այն վերաբերում է ամենաէական խնդրին` մարդկային կյանքի իրավունքին»»: