11/06/2020 17:16
Եվրախորհրդարանը դատապարտել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման Երևանի ծրագրերը
Եվրախորհրդարանը դատապարտել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման Երևանի ծրագրերը, քանի որ այդ որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի պաշտոնական իշխանությունների հետ համաձայնեցման և միջազգային իրավունքի խախտմամբ: Նման հայտարարությամբ հանդես են եկել Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի հարցերով զեկուցող Ժելյանա Զովկոն, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուն, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Մարինա Կալյուրանդը:
«Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը կկապի Հադրութի հետ՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են», - նշված է հայտարարության մեջ:
Կալյուրանդը, Զովկոն և Բեսեսկուն ընդգծել են՝ Եվրախորհրդարանն աջակցում է այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը:
«Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը», - ասված է հայտարարության մեջ:
«Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009թ.-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», - ասվում է Կալյուրանդի, Զովկոյի և Բեսեսկուի հայտարարության մեջ: