11/06/2020 09:35
«Ժողովուրդ». Պատգամավորներին զգուշացվել է, որ ամբողջ հունիսը թեժ է լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քաղաքական ամառը թեժանում է նաև խորհրդարանում: Հունիսի 13-ին Ազգային ժողովում հրավիրվելու է հատուկ նիստ, որի ժամանակ քննարկվելու է կառավարության որոշումը՝ Հայաստանում մարտի 16-ին հաստատված և երկու անգամ արդեն երկարաձգված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իմքայլականներին արդեն զգուշացված է, որ պատրաստ լինեն թե՛ այդ նիստին, թե՛ այն հանգամանքին, որ ամբողջ հունիսը թեժ է լինելու, և պատգամավորները, այսպես ասած, ամբողջ օրն անցկացնելու են խորհրդարանում: Նախ՝ այս օրերին դեռ շարունակվում են 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, իսկ արդեն հունիսի 16-ին մեկնարկելու է հերթական նստաշրջանը, որի օրակարգը բավականին հագեցած է լինելու, և բյուջեի կատարողականը քննարկվելու է նաև այդ ժամանակ:
Եվ չնայած սա վերջին հերթական նստաշրջանն է լինելու, սակայն արտահերթերի պակաս չի լինի՝ պայմանավորված արտակարգ դրությամբ և, կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, նոր նախագծերի ընդունման անհրաժեշտությամբ, կիսատ մնացած հարցերի քննարկմամբ:
Դեռ ավելին, կախված Վենետիկի հանձնաժողովի պատասխանից՝ չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի հարցն իշխանությունների կողմից ևս լուծվի մինչև խորհրդարանի՝ արձակուրդ գնալը, հակառակ դեպքում այդ հարցին կանդրադառնան արդեն սեպտեմբերին: Այնպես որ, առաջիկայում թեժ օրեր են սպասվում»: