11/06/2020 11:44
Մինչ այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով ու պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար. Փաշինյան (Տեսանյութ)
«Հայկական ատոմակայան էլեկտրակայանի երկրրդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկրաձգում» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2014 թվականի դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015 թվականի փետրվարի 5-ին՝ վարկի տրամադրման մասին համաձայնագիր է ստորագրվել: Խոսքը 300 միլիոն դոլարի մասին է, որից 270 միլիոն դոլարը վարկ է, իսկ 30 միլիոնը՝ դրամաշնորհ, կառավարության նիստի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Արդեն 2018 թվականի դեկտեմբերից վարկի երկարաձգման բանակցություններ են սկսվել: Մինչև 2019 թվականը տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ հանրավոր չի եղել ամբողջությամբ ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 միլիոն դոլար է, սակայն այժմ առավել նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել: Ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է ՀՀ բյուջեից տրամադրել 63.2 միլիարդ դրամի բյուջետային վարկ: Նախատեսվում է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներ ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր», - ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ մինչ այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով ու պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար:
«Փաստորեն, ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որոնք, աներկբա, շատ ավելի լավ պայմաններով են ներգրավելու և ավելի են մեծացնելու կառավարության լծակները՝ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու: Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ ապրանքների գները կլինեն էականորեն ցածր», - ասաց Նիկոլ Փաշինյանը: