11/06/2020 17:40
Սաակաշվիլին հրաժարվել է դառնալ Զելենսկու խորհրդականը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ առաջարկել է Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին դառնալ բարեփոխումների հարցերով իր խորհրդականը, սակայն նա մերժել է՝ հայտարարելով, որ դա «իր մակարդակը չէ»: Այս մասին նա պատմել է «Украинской правда»-ին տված հարցազրույցում:
«Մենք հանդիպեցինք Միխայիլ Նիկոլոզովիի հետ, նա ասաց. «Ես ուզում եմ օգնել»: Հանդիպումներ մի քանի անգամ են եղել, նա մի քանի անգամ է եկել՝ տարբեր խորհուրդներով: Նա հարցրեց. «Որտե՞ղ եք Դուք ինձ տեսնում»: Ես նրան ասացի. «Ես ուզում եմ, որպեսզի Դուք ինքներդ մտածեք, տեսնեք Ձեր կարգավիճակը»: Ես նրան առաջարկեցի. «Կարող եք դառնալ բարեփոխումների հարցերով իմ խորհրդականը»: Նա ասաց «Դա իմ մակարդակը չէ»» ,- պատմել է Զելենսկին:
Նա ավելացրել է, որ Սաակաշվիլին առաջարկել է իր թեկնածությունը բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնում: Ըստ Զելենսկու՝ նա խոստացել է այդ հարցը քննարկել վարչապետ Դենիս Շմիգալի հետ:
Ապրիլի վերջին հայտնի է դարձել, որ Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է ստանձնել բարեփոխումների հարցով փոխվարչապետի պաշտոնը: Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել, որ նրա թեկնածության համար ձայները չեն բավականացնում Գերագույն ռադայում:
Սաակաշվիլին ղեկավար է նշանակվել Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեում: