10/06/2020 22:43
Քյարամյանի նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է, իսկ ԱԱԾ և ոստիկանության իրական ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է. Վանեցյան
Արգիշտի Քյարամյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելը ազգային անվտանգության սպառնալիք է, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ոչ մի անձնական բան չունենալով Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, մի գնահատական տամ նրա նշանակմանը․ նրան ԱԱԾ տնօրեն նշանակելը ազգային անվտանգության սպառնալիք է։ Մարդ, որը չունի կառավարման փորձ, անվտանգության մարմիններում աշխատելու փորձ, տիրապետելու է շատ մեծ տեղեկության, պետք է արագ և օպերատիվ որոշումներ կայացնի տարբեր հարցերով։ Իսկ ազգային անվտանգությունը միայն տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը չէ։ ԱԱԾ-ն ունի ավելի լուրջ խնդիրներ՝ հետախուզություն, հակահետախուզություն։ Իսկ նման աշխատանք կատարելու համար պետք է ունենալ երկարամյա փորձ», - նշեց Վանեցյանը։
Նրա խոսքով, այսօր Հայաստանը չունի ԱԱԾ։
«Այդ ծառայության տնօրենը, ինչպես և ոստիկանության և մյուս կառույցների ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նա անմիջականորեն խառնվում է այդ մարմինների գործերին։ Այսօր ԱԱԾ-ն Փաշինյանը փորձում է սարքել իր քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործիք։ Համոզված եմ, որ իմ նախկին գործընկերները կփորձեն զերծ մնալ այդ պրոցեսից», - ասաց Վանեցյանը։
Նա նաև նշեց, որ ԱԱԾ-ի վրա երբևիցե չի եղել ռուսական ազդեցություն։
«Դրանք կեղծ պնդումներ են», - ընդգծել է Վանեցյանը, նշելով, որ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ տարբեր երկրներից ֆինանսավորում են ստացել Հայաստանում հակառուսական քարոզչություն տանելու համար։