11/06/2020 17:04
Ռուսական կողմից հարցեր չեն առաջանում․ ոչ մի ողբերգություն, ոչ մի աղետ չկա․ ՌԴ դեսպանը՝ ՀԱԷԿ-ի վերազինման վարկից Հայաստանի հրաժարվելու մասին (Տեսանյութ)
Ռուսաստանի վարկից Հայաստանի հրաժարվելու մասին լրատվամիջոցների հրապարակումները կոռեկտ չեմ համարում, առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հացրին, որ ՀՀ-ն և ՌԴ-ն չեն կարողացել համաձայնության գալ ՀԱԷԿ վերանորոգման վարկի մարման հարցով և ՀՀ-ն ինքն է որոշել վճարել մնացած գումարը։
«Լրատվամիջոցներում խոսվում է Հայաստանի կողմից Ռուսաստանի վարկից հրաժարվելու մասին, որը, որքանով ինձ հայտնի է, բոլորովին կոռեկտ չէ։ Վարկի մեծ մասը՝ 200 մլն դոլարը 270 մլն-ից արդեն ծախսված է, խոսքը մնացածի մասին է։
Ցավոք, աշխատանքներն ավարտին չհասան մինչև ժամկետի ավարատը։ Դրանց պատճառների մասին չեմ խոսի, դրանք տարբեր են։ Բնականաբար առաջացավ վարկի մարման երկարաձգման հարցը, բայց այս մասով եղել և ընթանում են բանակցություններ։ Որքանով ինձ հայտնի է, դեռևս պայմանավորվածություն չի հաջողվել ձեռք բերել, բայց դա չի նշանակում, որ հարցը փակ է, ուղղակի այս պահին Հայաստանը, որքան հասկանում եմ, ժամանակը հաշվի առնելով, որոշել է անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել սեփական միջոցներով՝ ժամանակ չկորցնելու համար։
Հստակեցնեմ՝ ՀԱԷԿ շահագործման երկարաձգման համար լիցենզիան գործում է մինչև 2021 թվականը և որպեսզի այն վերագործարկվի, պետք է շատ լուրջ աշխատանքներ կատարվեն: Ժամանակ չկորցնելու համար որոշում է կայացվել վարկի հարցը հետաձգել և իրականացնել այս աշխատանքները սեփական միջոցներով։ Ռուսական կողմից, որքանով գիտեմ, այս մասով հարցեր չեն առաջանում։ Ոչ մի ողբերգություն, ոչ մի աղետ չկա», - ասաց նա։