11/06/2020 23:11
«Մեկ Հայաստանը» դիմել է գլխավոր դատախազին՝ ՀՀ բարձրագույն իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրգործ հարուցելու պահանջով
«Մեկ Հայաստան» կուսակցությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ քաղաքական բարձրագույն իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։
«Հաղորդման համար հիմք են հանդիսացել Հայաստանում օրեցոր մոլեգնող և ուժգնացող COVID-19-ի դեմ ակնհայտ կասկածելի, ապակառուցողական և կործանարար գործողությունները, որոնք առերևույթ հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահերի և երկրի համար առաջացրել են ծանր հետևանքներ», - ասել է Ղազինյանը։
Նա ընգծել է, որ իշխանություններն ու առողջապահական ոլորտի ներկայացուցիչները անտեսել են ԱՀԿ նախազգուշացումներն ու համավարակի կանխարգելման միջոցառումեր ձեռնարկելու փոխարեն էականորեն նվազեցրել են կորոնավիրուսի վերաբերյալ հավաստի տեղեկությունները՝ այն ներկայացնելով որպես սովորական գրիպ։
«Իրենց կողմից վարվող վտանգավոր տեղեկատավությունը թաքցնելու և աղավաղելու նպատակով ընտրովի հղումներ են կատարել ԶԼՄ-ներում տեղ գտած այն հոդվածներին և կարծիքներին, որտեղ նվազեցված էր Covid-ի վտանգավորությունը և մահաբերության վերաբերյալ տեղեկատվությունը», - ընդգծել է Ղազինյանը՝ հավելելով․
«Քաղաքական շահը վեր դասելով՝ դիմել են վտանագավոր ռիսկի՝ վտանգի տակ դնելով տասնյակ հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը։ Նշված արարքի բազմակողմանի և օբյեկտիվ գնահատական տալը հնարավոր է բացառապես քրեական գործի նախաքննության շրջանակներում»։