11/06/2020 17:55
Տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում. ՍԱՏՄ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ընթացել են Երևանի Ավան վարչական շրջանում։ Միաժամանակ, ԱԱՏՄ աշխատանքային խմբերը ժամանակավորապես կասեցրել են տասնյակ տնտեսվարողների գործունեությունը մայրաքաղաքում և մարզերում։
Հանրային առողջապահական առումով լրջագույն նշանակության կանոնների պահպանման նկատառմամբ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։ Արձանագրված խախտումները ՀՀ պարետի կողմից գործունեության կասեցման հիմք են դառնում։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատև կասեցումներ։
ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Դրան նպաստում են լայնածավալ իրազեկման, մշտադիտարկման, ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները։
Միաժամանակ, հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ դիմակների թերի կրումը, սոցիալական հեռավորության չպահպանումը, ջերմաչափման և ախտահանման աշխատանքների իրականացումն ու գրանցումը։
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձևեր։ Մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։