11/06/2020 18:41
Հիմա 1991 թվականի դեկտեմբերն է ու նրանք, ովքեր ուզում են արձանագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ. ՀՀ վարչապետ
Համավարակի հաղթահարումից հետո ու նույնիսկ դրանից առաջ, քննության պետք է առնենք քաղաքական շատ ուժերի պահվածքը, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պիտի քննենք ու հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողությոններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանն ու ընդհակառակը՝ ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ պետք է քննություն տարվի՝ պարզելու՝ արդյոք որոշակի շրջանակներ կապ ունեն կեղծ լուրերի տարածման հետ։
«Ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք ու ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի ու որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեությունը կլինի ապացուցելի, արժանանալու են շատ կոնկրետ ու համաժողովրդական գնահատականի», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը։
«Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան ու բազմաթիվ գերզարգացած երկրներ, եթե ՀՀ կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն պարտվել է մարդկությունն ընդհանրապես», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ կան ուժեր, որոնք այս օրերին ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր, ավելի բարգավաճ։
«Նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն, շատ կարևոր է գնահատել այդ վերածննդի բովանդակությունը ու շատ կարևոր է գնահատել, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում ու լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում։ Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն այնքան էլ լավ չեն զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում», - ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարը չի ավարտվել, նոր է սկսում։
«Երբ որ կավարտվի, էն ժամանակ կամփոփենք արդյունքները։ Եթե վերադառնանք պատերազմական հռետորաբանությանը, նույնն է, թե 1992 թվականի փետրվարին ՀՀ-ում սկսեր շարժում այն մասին, որ Հայաստանն ու Արցախը պարտվել են Արցախյան ազատամարտում, հիմա նույնիսկ 1992 թվականի փետրվարը չէ, հիմա ավելի շուտ 1991 թվականի դեկտեմբերն է ու նրանք, ովքեր ուզում են հիմա արձանագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ, երբ որ կավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, կվերցնենք թուղթ ու գրիչը ու կտեսնենք՝ ով ինչ է արել », - ասաց ՀՀ վարչապետը։