11/06/2020 14:27
Կան երկրներ, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում աջակցելու պատրաստակամություն են հայտնել, ըստ անհրաժեշտության՝ դա կօգտագործենք. ԱԳ նախարար
Այս ժամանակահատվածում հստակորեն հիմնվել ենք մեր ռեսուրսների վրա, կառուցել անհրաժեշտ կարողությունները մեր ռեսուրսի հիման վրա համավարակի հետ առնչվելու համար, լրագրողներին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով հարցին՝ Հայաստանը դիմե՞լ է միջազգային օգնության համար։
«Շատ սերտ աշխատում ենք պարետի և առողջապահության նախարարի հետ, այդ ամենն ըստ անհարժեշտության է գնահատվում», - ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ աջակցության համար դրսի կողմի պատրաստակամությունը մեծ է, ինչը պայմանավորված է այս ժամանակահատվածում փոխադարձ աջակցության հարցով։
«Կան երկրներ, որոնք պատրաստակամություն են արտահայտել՝ ԵՄ-ն, ՄԱԿ-ի շրջանակներում էլ կան տարբեր հարթակներ», - ասաց նախարարն՝ ավելացնելով.
«Մենք ունենք բավականին մեծ ցանկ, թե որտեղից ինչ պատրաստակամություն կա, ինչպիսի ձևեր կան։ Ըստ անհրաժեշտության՝ մենք կօգտագործենք, եթե դա պետք լինի մեզ։ Մենք հիմնվում ենք հետևյալի վրա՝ ինչն է անհրաժեշտ մեզ համար, ինչն ենք անում մեր ներուժով և ինչպես ենք օգտագործում միջազգային համագործակցությունն՝ առավել համալրելու համար մեր ներուժը»։