12/06/2020 15:39
Ուժային կառույց ասելով՝ մենք սկսում ենք ուժը բերել առաջին պլան՝ իրավունքի գերակայության և օրենքի փոխարեն. Մարուքյան
Հայաստանում ուժային կառույցներ չկան, կան իրավապահ մարմիններ, որոնք ապահովում են ներքին անվտանգություն, ԱԺ հատուկ նիստի ժամանակ հիշեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հակադարձելով վարչապետի հայտնած այն մտքին, որ դիմակ կրելու պահանջին չենթարկվելու համար ոստիկանությունն իրավունք ունի ուժ կիրառել քաղաքացու նկատմամբ:
«Մարդու թևը ոլորեցին, լավ, երևի դիմադրել է, ասել են՝ դիմակ չես դրել: Բայց մենք դրվագ ունենք, երբ ոստիկանը ոտքը դնում է քաղաքացու գլխին: Մինչև քննություն տեղի չունենա, չենք իմանա՝ համաչա՞փ ուժ է կիրառվել: Առերևույթ անհամաչափ է և այս առումով կարծում եմ, որ ուժային կառույց ասելով՝ մենք սկսում ենք ուժը բերել առաջին պլան՝ իրավունքի գերակայության և օրենքի փոխարեն», - ասաց պատգամավորը:
Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, որ դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում ու բռնի ուժ են կիրառում ՀՀ քաղաքացու նկատմամբ: