12/06/2020 12:34
«Լուսավոր Հայաստան»-ում այս պահին չկա վարչապետի հրաժարականի պահանջ. Աննա Կոստանյան
Արտակարգ դրության երկարաձգումը խաղուպար չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ով մոտեցել էր՝ ԱԺ շենքի մոտ ակցիա իրականացնող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի պահանջը լսելու։
«Իմ պատկերացմամբ՝ արտակարգ դրության երկարաձգմամբ՝ էլ ավելի վնաս կհասցվի տնտեսությանը», - ասաց նա։
Պատգամավորը նշեց, թե եթե վարակը, արտակարգ դրությամբ պայմանավորված, չի նվազում, դինամիկան չի նվազում, ուրեմն արտակարգ դրության երկարաձգումը անտեղի է։
Աննա Կոստանյանն ասաց, թե համաձայն չէ այն պնդումների հետ, որ արտակարգ դրության երկարաձգումն ունի քաղաքական նպատակ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամը չի կարծում, որ արտակարգ դրության երկարաձգումը ընդդիմության համար կարող է զսպող մեխանիզմ լինել։
«Եթե ընդդիմությունը նախատեսեր, օրինակ, վարչապետի հանդեպ քայլեր ձեռնարկել, անկախ արտակարգ դրության ռեժիմից, այդ քայլերը կաներ, ընդդիմության ձայնը լռեցնել չի լինի», - ասաց նա։
Aysor.am-ի հարցին՝ «Լուսավոր Հայաստան»-ի օրակարգում կա՞ վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջ՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն անվստահություն է հայտնում կառավարությանը, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել նրանց քայլերի տրամաբանությունը կամ ապագայի միտումները։ Այս պահին մեր օրակարգում այդպիսի հարց դեռևս չի քննարկվում, մեր օրակարգում այս պահին միմիայն արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է ու բյուջեի քննարկումը»։