12/06/2020 16:47
Ադրբեջանցին ինքնակամ հանձնվել է Հայաստանի իշխանություններին. մանրամասներ
Հունիսի 12-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում է հայտնվել Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Էլշան Ռասուլ Օղլի Ալիևը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանն, ադրբեջանցուն առաջինը նկատել է գյուղի բնակիչներից մեկը, որը Արեգունու ամառային ճամբարի պահակն է:
«Հենց նա էլ ադրբեջանցուն ուղեկցել էր վարչական գրասենյակ: Մեր մեջ խոսակցությունն ընթացավ առանց թարգմանչի, քանի որ ինքս, երկար տարիներ ապրելով Ադրբեջանի շրջանի հայաբնակ գյուղերից մեկում, ինչ-որ չափով տիրապետում եմ ադրբեջաներենին: Զրույցին մասնակցեց նաև մեր համագյուղացի Ներսիկ Պետրոսյանն, ով ավելի լավ է տիրապետում ադրբեջաներենին: Ադրբեջանցին իր մոտ չուներ որևէ փաստաթուղթ կամ զենք: Նրա պատմածով՝ ինքը Էլշան Ռասուլ Օղլի Ալիևն է՝ ծնված Կալմիկիայում: Հայրն ադրբեջանցի է, մայրն՝ ուկրաինուհի: Ինքը եղել է վեց տարեկան երեխա, երբ բաժանվել են ծնողները: Ուկրաինուհի մայրը լքել է Էլշանին ու նրա եղբորը, և նրանց խնամքը մնացել է հոր ուսերին, ով և վերադարձել է Ադրբեջան ու երեխաներին հանձնել մանկատուն:
Մանկատնից դուրս գալուց հետո Էլշամը թափառականի կյանք է վարել, տարբեր տեղերում չարքաշ ու ծանր աշխատանք կատարել, ապա հայտնվել է Գետաբեկի շրջանում՝ հովվություն անելու: Ապրել է կենցաղային ծանր պայմաններում ու որոշել է հեռանալ Ադրբեջանից: Իր պատմելով՝ քարտեզով երկար է ուսումնասիրել տեղանքը և համոզվել, որ ամենամոտիկ ու հարմար կետը Հայաստանն է, դրա համար էլ հոտը թողել և անցել է Հայաստան: Նրա պատմելուց հետո ես հրավիրեցի Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչներին, որոնց հանձնվեց մեր սահմանը հատած ադրբեջանցին», - ներկայացրեց Սոս Հովհաննիսյանը: