12/06/2020 18:34
Շահեն Մեղրյանի որդին խոսել է Շահումյանի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու և դրան արդար լուծում տալու մասին. «Հետամուտ եմ լինելու»
Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ իրավաբան Զինավոր Մեղրյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վաղը լրանում է Շահումյանի անկման 28 տարին, նշելով, որ այսուհետև ամեն օր, ամեն ժամ հետամուտ է լինելու շահումյանցիների ձայնն ավելի լսելի, նրանց խնդիրները լուծելու և արդարությունը վերականգնելու գործին։
«Հարգելի հայրենակիցներ,
Վաղը՝ հունիսի 13-ին, կլրանա մեր Հայրենիքի չքնաղագույն անկյուններից մեկի՝ Շահումյանի շրջանի, անկման 28 տարին։ Արդեն գրեթե երեք տասնամյակ է, ինչ մենք՝ շահումյանցիներս, ամեն օր արթնանում ենք հայրենի օջախ վերադառնալու, այնտեղ մեր նիստուկացը վերականգնելու, հանգչած վառարանում կրկին կրակ վառելու, տիրոջ ձեռքին կարոտ մնացած հողը մշակելու, կարկաչուն աղբյուրների ջուրը խմելու փափագով։ Արդեն գրեթե երեք տասնամյակ է, ինչ մեր տները զավթված են, իսկ իրավունքները՝ ոտնահարված։ Այսպես այլևս չի կարող շարունակվել, և ես այսօր բարձրացնում եմ շահումյանցիների ու հարակից հայկական շրջանների մեր հայրենակիցների հիմնախնդիրները բարոյական, իրավական ու նաև քաղաքական օրակարգ վերադարձնելու հարցը։
Սիրելի հայրենակիցներ,
Տարիներ շարունակ մենք քիչ բան չենք արել՝ Շահումյանի շրջանն ազատագրված ու կրկին շենացած տեսնելու համար։ Հազարավոր մեր գյուղացիներ իրենց կյանքը կապել են Հայոց բանակի հետ։ Նրանցից շատերը այսօր էլ ծառայում են Շահումյանի շրջանին աշխարհագրորեն հնարավոր ամենամոտ դիրքերում գտնվող զորամասերում։ Շատերը ջանք ու եռանդ չեն խնայում մեր զինվորներին անհրաժեշտ ամեն ինչով մատակարարելու, նրանց ծառայությունն առավել անվտանգ ու դյուրին դարձնելու համար։ Շատերը շարունակում են բնակվել Շահումյանին մոտ գտնվող գյուղերում՝ վստահ լինելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերադառնալ հայրենի տուն։ Բայց ակնհայտ է, որ կորցրածը վերականգնելու և արդարությունը վերականգնելու համար այս ամենը բավարար չէ։ Շահումյանցիների ու հարակից շրջանների մեր հայրենակիցների անցած 28 տարիների լուռ ջանքերը, լուռ աշխատանքն ու էլ ավելի լուռ նվիրվածությունը, կարծես, առիթ է տվել կարծելու, որ մենք պահանջատեր չենք, որ մեզ կարելի է անտեսել, չնկատել, հաշվի չնստել մեզ հետ։ Սա մեծ մոլորություն է, որը պետք է փարատվի։ Օր առաջ, ժամ առաջ պետք է փարատվի։
Ես այսօր խոսում եմ մեր իրավունքների մասին։ Խոսում եմ մեր կորստի մասին։ Կորցրածը վերականգնելու և պատճառված վնասները փոխհատուցելու մասին։ Ես այսօր խոսում եմ Շահումյանի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու և դրան արդար լուծում տալու մասին։ Խոսում եմ մեր ապագայի մասին…
Սիրելի շահումյանցիներ,
Նվիրական այս օրը եկեք ոգեկոչենք մեր չքնաղ հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր հերոսների հիշատակը։ Ամեն մեկս մեր մտքում, մեր սրտում եկեք խոսենք նրանց հետ և խոստանանք, որ իրենց գործը կիսատ չենք թողնի։ Շահումյանը դեռ խոսք ունի ասելու, գործ ունի անելու, և դա այսուհետև մեր պատասխանատվության տիրույթում է։ Եվ ուրեմն ի գործ, սիրելի հայրենակիցներ։
Այսուհետև ամեն օր, ամեն ժամ հետամուտ եմ լինելու շահումյանցիների ձայնն ավելի լսելի, նրանց խնդիրները լուծելու և արդարությունը վերականգնելու գործին։ Եվ թող հենց այս օրը դառնա բոլորիս համար ամենակարևոր այդ գործի նոր սկիզբ», - գրել է Զինավոր Մեղրյանը: