12/06/2020 20:36
Վրաստանում բազմամարդ արարողությունների անցկացման համար տուգանքներն ուժի մեջ կլինեն մինչև հուլիսի 15-ը
Ավելի քան տասը մարդկանց մասնակցությամբ հարսանիքների, ոգեկոչման արարողությունների, մկրտությունների կամ տարեդարձերի հետ կապված սահմանափակումները Վրաստանում ուժի մեջ կմնան մինչև հուլիսի 15-ը՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, հայտարարել է խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Անրի Օհանաշվիլին:
«Այս իրավունքները սահմանափակված են մինչև հուլիսի 15-ը, և որոշումը կկայացվի համաճարակաբանական իրավիճակից ելնելով: Մենք հիշեցնում ենք բնակչությանը, որ տասից ավելի մարդկանց հավաքը՝ տարեդարձը, հարսանիքը, հիշատակը, մկրտությունը նշելու համար, պատժվելու է տուգանքով», - նշել է նա:
Ըստ Օհանաշվիլիի՝ կարգը խախտող յուրաքանչյուր անձ տուգանվելու է 2 հազար լարի (մոտ 650 դոլար) գումարով, իսկ իրավաբանական անձը՝ 10 հազար լարիով (մոտ 3,3 հազար դոլար):