12/06/2020 15:31
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ (Տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի և այլ բաժիններ քաղաքացիական ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:
Ոստիկանության բաժիններում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է վաղ առավոտից տեղի ունեցող իրադարձությունների մշտադիտարկում։
Հիշեցնենք՝ քիչ առաջ ոստիկանությունն Արաբկիրի բաժնի մոտից բերման ենթարկեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին սատարողներին։
Բերման ենթարկվեցին իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ու ևս մի քանի քաղաքացիներ։
Այսօր, ավելի վաղ, բերման էր ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու նրան միացած ևս երեք քաղաքացի, ովքեր ԱԺ շենքի դիմաց ակցիա էին անում՝ պահանջելով վերադարձնել խաղաղ հավաքներ անելու ազատությունը։