12/06/2020 15:24
2020թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ. ՊԵԿ
ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը հունիսի 12-ին ներկայացրել է 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշները, ինչպես նաև իրականացվող հսկողական միջոցառումները, հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:
2020թ.-ի 1-ին եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (221 միլիարդ 20 միլիոն դրամ) գերազանցել է 24 միլիարդ 613 միլիոն դրամով կամ 11.1 %-ով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2020թ-ի հունվար-մայիս ամիսներին ընդհանուր առմամբ հավաքագրել է ավելի քան 583 միլիարդ 650 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (571 միլիարդ 156 միլիոն դրամ) գերազանցել է 12 միլիարդ 493 միլիոն դրամով կամ 2.2%-ով: Իսկ 2020-ի առաջին եռամսյակում (349 միլիարդ 34 միլիոն դրամ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (299 միլիարդ 653 միլիոն դրամ) համեմատ՝ արձանագրվել է 16.5% աճ:
Ըստ Ա.Հակոբյանի՝ հատկանշական է, որ համավարակի տարածման պայմաններում, թեպետ 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվախի համեմատ՝ արձանագրվել է հարկային մուտքերի նվազում (ապրիլին՝ նվազումը կազմել է 9.1%, իսկ մայիսին՝ 20.8%), այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, հունվար-մայիս ամիսներին հարկային եկամուտների աճը 2019-ի նուն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 2.2%:
«Եվ սա այն պայմաններում, երբ ԱԱՀ-ի և եկամտային հարկի գումարի վերադարձը 2020թ-ի հունվար-մայիս ամիսներին ևս աճել է՝ 2019թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Աճը կազմել է 9 միլիարդ 317 միլիոն դրամ (2020 թվականի հունվար-մայիս ամսիներին՝ 52 միլիարդ 698 միլիոն դրամ, իսկ 2019 հունվար-մայիս ամիսներին՝ 43 միլիարդ 380 միլիոն դրամ): Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձին և ԱԱՀ-ի դեբետային գումարներից ու ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցված գումարներին», - նշել է Արթուր Հակոբյանը:
Անդրադառնալով որոշ հարկատեսակների գծով նվազումներին ու դրանց պատճառներին, մասնավորապես եկամտային հարկի մասով, Ա.Հակոբյանն ընդգծել է, որ բացի ՀՀ-ում ներկա իրավիճակից, նվազումը կապված է նաև 2020թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ եկամտային հարկի համահարթ դրույքաչափի՝ 23%-ի կիրառմամբ։ Միայն աշխատավարձի մասով՝ ապրիլ ամսվա արդյունքներով պակաս հավաքագրված եկամտային հարկը կազմում է ավելի քան 2.6 մլրդ դրամ, որը կազմում է 10%: Ապրիլ ամսվա արդյունքներով գրանցված աշխատակիցների թիվը մարտ ամսվա համեմատ՝ նվազել է 12 300-ով: Իսկ ապրիլ ամսվա արդյունքներով մարտի համեմատ՝ շուրջ 74 հազարով աճել է զրո դրամ եկամուտ հայտարարագրած աշխատողների թիվը: Իսկ շրջանառության հարկի նվազումը, նույնպես, բացի ստեղծված իրավիճակից, կապված է նաև 2020-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ:
Ըստ Արթուր Հակոբյանի՝ արտակարգ դրության ժամանակահատվածում շարունակվում է հետևողական հսկողությունը հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով հայտարարագրման նկատմամբ: Այսպիսով, մարտ, ապրիլ և մայիս ամիսներին իրականացվել են 3,565 թեմատիկ ստուգումներ և ուսումնասիրություններ, որից ՀԴՄ կիրառման կանոնների 2,743 ստուգմամբ՝ արձանագրվել է խախտման 1,739 դեպք, իսկ չգրանցված աշխատողների մասով՝ 329 ստուգման արդյունքում արձանագրվել է չգրանցված աշխատողի 406 դեպք։
Միայն ապրիլ ամսվա ընթացքում իրականացվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների 864 ստուգում, արձանագրվել է 596 խախտում։