12/06/2020 11:11
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը
Հայաստանում արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվեց. նման որոշում ընդունվեց կառավարության հրավիրած արտահերթ նիստում։
Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Ըստ կառավարության՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Նախագծում, որը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նշված է, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը։
Արտակարգ դրության ժամանակ կսահմանափակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար։